Ադրբեջանն ու Բելառուսը համատեղ տրակտորներ կարտադրեն Թուրքիայում՝ տարեկան մինչև 3000 հատ: Այդ մասին հայտարարել է «Գյանջայի ավտոմոբիլային գործարանի» դիտորդական խորհրդի նախագահ Խանլար Ֆաթիևը:
«Մինսկի տրակտորների գործարանը և Գյանջայի ավտոմոբիլային գործարանը համատեղ գործունեություն կծավալեն Թուրքիայում: Առաջին տարում նախատեսվում է արտադրել 500-1000 տրակտոր, հաջորդ տարի՝ արդեն 3000 տրակտոր»,-ասել է Ֆաթիևը բելառուսական ՍՏՎ հեռուստաընկերության «Նեդելյա» ծրագրի եթերում, հայտնում է Ինտերֆաքսը:
Ադրբեջանում Բելառուսի դեսպան Գենադի Ախրամովիչն ավելի լայն է տեսնում գործակցությունը: Ըստ նրա, Ադրբեջանն ու Բելառուսը կարող են համատեղ նախագծով ընդլայնել տրակտորների արտահանումը՝ «դա կլինի Իրանը, Թուրքիան, Պակիստանը, հեռանկարում՝ Հնդկաստանը»:
Տրակտորների համատեղ արտադրությունը Թուրքիայում կարող է սկսվել արդեն 2018-ի ավարտին, կամ 2019-ի սկզբին: