19 նոյեմբերի 2018 - 15:51 AMT
Փաշինյանը՝ Բելառուսին. Այսուհետ ՀՀ-ի հետ հաշվի կնստեն

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում անդրադառնալով Բելառուսի հետ հարաբերություններին, հայտարարել է, որ Հայաստանը միջազգային գործընկերների հետ հարաբերություններում չի լինելու «լուռումունջ համակերպվողի դերում»:

«Այնպիսի հարաբերություններ, ինչպիսին իրենք սովոր են տեսնել ՀՀ-ի հետ, այդպիսի հարաբերություններ չեն լինելու։ Մեր ժողովուրդն ու մեր կառավարությունն ի վիճակի է պաշտպանել մեր երկրի շահերը և սրա հետ պետք է բոլորը հաշվի նստեն և խոստանում եմ, որ այսուհետ հաշվի կնստեն», - ասել է Փաշինյանը:

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը կտրուկ քննադատել է Բելառուսի ու Ղազախստանի առաջնորդների պահվածքն Աստանայում ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո։ Փաշինյանը դժգոհություն է հայտնել Մինսկի և Բաքվի միջև ՀԱՊԿ օրակարգի հարցեր քննարկելու ու Նազարբաևի՝ Աստանայում արված հայտարարությունների վերաբերյալ։Նա նշել է, որ բացատրություններ է պահանջելու նաև Նազարբաևից, ում հայտարարությունը այն մասին, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնն անցնում է Բելառուսին, հակասել է կողմերի պայմանավորվածությանը։

Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը մեկնաբանել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Բելառուսից բացատրություններ պահանջելու վերաբերյալ: Գլազը հայտարարել է, որ մեծ քաղաքականության մեջ ընդունված է ղեկավարվել ոչ թե «փողոցային ժողովրդավարության կանոններով, այլ դիվանագիտական ընթացակարգի հստակ նորմերով»:

«Հավանաբար, ՀՀ վարչապետի պաշտոնակատարն իրեն դրել է միջազգային դատախազի տեղ, որն իրավասու է պատժել կամ ներել»,-ասել է Գլազը