Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին հավաստիացրել է, որ ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է։
ԱԳ նախարարի պաշտոնակատարը ներկայացրել է Հայաստանի կառավարության՝ ժողովրդի կողմից տրված լայն մանդատի հիման վրա բարեփոխումների իրականացման ուղղությամբ գրանցած շոշափելի ձեռքբերումները և դրական տեղաշարժերը։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և ԵԽ գլխավոր քարտուղարը բարձր են գնահատել Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը, մտքեր փոխանակել կազմակերպությունում Հայաստանի ներգրավվածությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ։
Կարևորելով ԵԽ դերը ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության գործում՝ նախարարի պաշտոնակատար Մնացականյանն ընդգծել է, որ գալիք տարի կազմակերպության 70-ամյա հոբելյանը լավ հանգրվան է հանդիսանալու ամփոփելու համար արձանագրված ձեռքբերումները և ուրվագծելու հետագա գործունեության հիմնական ուղղությունները, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացման, գործողությունների նոր ծրագրի մշակման ուղղությամբ տարվող աշխատանքների շուրջ:
Անդրադառնալով կազմակերպության առջև ծառացած մարտահրավերներին՝ նախարարի պաշտոնակատար Մնացականյանը Հայաստանի լիակատար աջակցությունն է հայտնել դրանց դիմագրավման ուղղությամբ գործադրվող ջանքերին՝ ուղղված կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացմանը և հեղինակության ամրապնդմանը: Զոհրաբ Մնացականյանն իր մտահոգությունն է հայտնել կառույցում մի շարք հարցերի քաղաքական շահարկման առնչությամբ, մասնավորապես այն հարցերի, որոնք վերաբերում են եվրոպական արժեքների առաջմղմանը և մարդու իրավունքների պաշտպանությանը։ Երկուստեք նշվել է վերոնշյալ հարցերի շուրջ համագործակցության համընդհանուրության ապահովման կարևորությունը:
Նախարար Մնացականյանը ԵԽ գլխավոր քարտուղարին ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի դիրքորոշումը և մոտեցումները՝ վերահաստատելով հայկական կողմի հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը:
ԱԺ արտահերթ ընտրությունները կայանալու են դեկտեմբերի 9-ին, իսկ քարոզարշավը մեկնարկելու է նոյեմբերի 26-ին: