ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է իսրայելական ոստիկանության կողմից Հայաստանի բուհերում կեղծ դիպլոմ ստացած 40 բուժաշխատողի կալանավորմանը:
«Բուհերում առկա խնդիրների լուծումը ճանապարհին է։ Բայց այս հրապարակումը շատ ավելի լուրջ է, և ապացույցները ստանալուց հետո հետևանքները պատասխանատուների համար կլինեն շատ ծանր», - գրել է Հարությունյանը՝ հավելելով, որ ներկայումս հետաքննություն է ընթանում, և հայկական կողմը սպասում է իսրայելական կողմից պաշտոնական տեղեկատվության:
2017 թվականին Իսրայելի առողջապահության նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակվել է տեղեկատվություն, համաձայն որի` Իսրայելի պետությունը չի երաշխավորում Հայաստանում բժշկական կրթություն ստացած շրջանավարտների աշխատանք գտնելու հնարավորությունը:
Այս առթիվ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ համապատասխան գրություն է ուղարկվել ՀՀ արտաքին գործերի նախարարություն: