Դեկտեմբերի 4-ին ազատ է արձակվել հեղափոխության օրերին Երևանի Սարալանջի փողոցում մեկ տարեկան երեխայի մահվան պատճառ դարձած ավտովթարի հեղինակը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է մահացած երեխայի մայրը՝ Տաթևիկ Սեկոյանը:
Նրա խոսքով՝ վթարի մեղավոր 29-ամյա Սարգիս Գյուլումյանը, ով դատապարտված էր 4 տարի ազատազրկման, բանտում մի քանի ամիս անցկացնելուց հետո ազատ է արձակվել համաներմամբ:
«Դատարանը, մեղադրողը կամ դատավորը ծախված չեն, ու էդ մարդիկ պատշաճ ձևով են կատարել իրենց պարտականությունները, որի համար շատ շնորհակալ եմ իրենցից։ Մեղավորը մեր օրենքներն են, որ նման արարքներին տալիս են շատ մեղմ պատիժ (եթե իհարկե տալիս են), մեղավորը մարդիկ են, որ համաներման նախագիծը մշակելիս՝ մահվան ելքով դեպքերը հաշվի չեն առել»,- նշել է ապրիլին վթարի հետևանքով մահացած 1,3 տարեկան Յուրի Պապովի մայրը:
Նա հավելել է, որ Գյուլումյանի փաստաբան Համազասպուհի Գրիգորյանը դատական նիստի ժամանակ իր ճառի ընթացքում մեղադրանքներ է հնչեցրել բոլորի՝ մեղադրողի, փորձագետների, դատավորի, տուժած կողմի տաքսու վարորդի և նույնիսկ երեխային կորցրած ծնողների հասցեին, բացի իր պաշտպանյալից:
«Հա, մեղադրեց մեզ` ծնողներիս: Իբր երեխային ամրագոտի չկապելու մեջ կամ քառսիթ չօգտագործելու մեջ... Եվս մեկ անգամ կրկնեմ՝ 150 սմ-ից պակաս հասակ ունեցող երեխային չի կարելի ամրագոտի գցել, այլապես թեթև առաջ գնալուց երեխան կարող է խեղդվել, կամ կվնասվեն ներքին օրգանները։ Ինչ վերաբերում է քառսիթերին, ես համոզված կարող եմ ասել, որ մինչ ես ու ամուսինս չխոսեցինք, չբարձրաձայնեցինք էս խնդիրը, ոչ ոք չի խոսել երբևէ դրա մասին...Ու էդ մեր ու մեր ընկերների ջանքերով է, որ ծնողները հիմա ունեն հնարավորություն պատվիրել yandex ու gg տաքսիներ կահավորված քառսիթերով»,- նշել է Սեկոյանը, ով վթարից հետո սոցիալական ցանցերում ակտիվորեն բարձրացրել էր տաքսիները և երեխաներ տեղափոխող ցանկացած մեքենաները քառսիթերով՝ երեխաների համար նախատեսված նստատեղերով կահավորելու հարցը:
Սեկոյանը նաև գրել է, որ ապրիլին տաքսիները դեռ չունեին նման ծառայություն, և մեղադրյալի պաշտպանին հայտնի է այդ մասին. «էսքանից հետո ձեզ եմ թողնում իրավունքը՝ ինչպես անվանել նման մարդուն, որ այսօր մեզ մեղադրեց մեր միակ ու երկար սպասված զավակի մահվան մեջ»։
Ապրիլի 23-ին՝ ՀՀ երրորդ նախագահ և նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը, Երևանի Սարալանջի փողոցում առանց պետհամարանիշի «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել էր «Մերսեդես-Բենս» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վարորդը և երեք ուղևորները, որոնց թվում եղել է նաև 2017թ. ծնված Յուրի Պապովը, ստացել էին մարմնական վնասվածքներ, իսկ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ավտովթարից հետո հեռացել էր դեպքի վայրից: Ապրիլի 26-ին փոքրիկը մահացել էր` այդպես էլ գիտակցության չգալով։
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) և 244-րդ հոդվածով (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը): «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդի ինքնությունը պարզվել էր, և նա ձերբակալվել էր։