13 դեկտեմբերի 2018 - 16:24 AMT
Փաշինյանն ու Սահակյանը հանդիպել են Մնացականյանի պաշտոնանկության մասին խոսակցությունների ֆոնին

Արցախի նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 13-ին Երևանում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:

Քննարկվել են հայկական երկու հանրապետությունների ներքին և արտաքին քաղաքականությանը, անվտանգությանը, Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեների ձևավորմանը վերաբերող մի շարք հարցեր, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

ԶԼՄ-ները դեկտեմբերի 12-ի երեկոյան լուրեր տարածեցին ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի հրաժարականի մասին։ Մասնավորապես, ըստ «Հայկական ժամանակի», Արցախի նախագահ Բակո Սահակյանը Մնացականյանին աշխատանքից ազատելու մասին դիմումը հավանաբար կստորագրի դեկտեմբերի 13-ին:

Դեկտեմբերի 13-ի առավոտյան հայտարարվեց, որ Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանի հրաժարականի վերաբերյալ հրամանագիր չկա։