Թուրքիան կշարունակի սատարել Ադրբեջանին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Այդ մասին Բաքվում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Թուրքիան կշարունակի ուժերի ներածին չափով աջակցել Ադրբեջանին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանմամբ»,-ասել է Չավուշօղլուն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը, հայտնում է Interfax.az-ը:
Նախարարը հավելել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան միշտ են միմյանց աջակցում:Ալիևն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել թուրքական կողմին ԼՂ հարցում Ադրբեջանի դիրքորոշմանը սատարելու համար:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, սակայն, առանց ԼՂ վերաբերյալ նախապայմանների:
2018-ի սեպտեմբերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվում հայտարարեց, որ առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման ՀՀ հետ հարաբերությունների բարելավում հնարավոր չէ: Նա նաև ասել է, որ Հայաստանը չի կարող ակնկալել Թուրքիայի հետ սահմանի բացում, քանի դեռ լուծված չէ Ղարաբաղի հարցը: