5 սեպտեմբերի 2002 - 20:19 AMT
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈՐՈՇԱԿԻ ԺԱՄԿԵՏԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՆՇԵԼ ՄԻԱՅՆ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿՆԵՐԸ, ԳՏՆՈՒՄ Է ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀԸ
ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանը ներկայացնող համանախագահ Նիկոլայ Գրիբկովը գտնում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման որոշակի ժամկետը կարող են նշել միայն աստղագուշակները: «Դա նման է սուրճի մրուրով գուշակություններին», - Բաքվի «Էխո» թերթին է հայտարարել ռուս դիվանագետը: Նա հաղորդել է, որ համանախագահները պատրաստվում են տարածաշրջան այցելել սեպտեմբերի երրորդ տասնօրյակում: Շատ հաճելի է, որ այցը կկայանա երկու կողմերի նախագահների վերջերս Սադարակում կայացած հանդիպումից հետո, որը պետությունների ղեկավարները օգտակար են համարել, նշել է միջնորդը: Խոսելով համանախագահների այցի ծրագրի մասին, Գրիբկովը նշել է, որ օրակարգը դեռեւս որոշված չէ, սակայն, ինչպես սովորաբար, նրանք հուսով են հանդիպել Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հետ: «Մեզ համար դա ամենակարեւորն է, քանի որ, ըստ մեզ, հակամարտության կարգավորման բանալին նրանց ձեռքում է», - ընդգծել է ռուս դիվանագետը: