12 հունվարի 2019 - 15:51 AMT
Բողոքի ցույց Գյումրիում՝ ՌԴ ռազմակայանի մոտ

Հունվարի 12-ին, Ավետիսյաններիընտանիքի սպանության 4-րդ տարելիցի օրը, Գյումրու ռուսական զորամասերից մեկի մոտ տեղի է ունեցել բողոքի ակցիա:

Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ հանրահավաքը յուրօրիանակ բողոք է ռուսական ռազմաբազայի զինծառայողների կողմից շարունակական հանցագործությունների ու ամենաթողութան դեմ, հայտնում է Panorama.am-ը։

Ցուցարարները բողոքի ակցիային ներկայացել էին «Բազա, ձեր գազաններին պահեք վանդակներում, մենք պատասխանատու չենք» հայերեն և ռուսերեն գրությամբ պաստառներով:

Հավաքվածները պահանջագրեր են ներկայացրել ինչպես ՀՀ, այնպես էլ՝ Ռուսաստանի Դաշնության իշխանություններին: Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը հիշեցրել է, որ պահանջագրեր ներկայացվել էին դեռևս 4 տարի առաջ՝ Ավետիսյանների ընտանիքի սպանության դեպքից անմիջապես հետո:

Ակցիայի մասնակիցները նաև հիշեցրել են 2018-ի տարեվերջին՝ դեկտեմբերի 2-ին, ռուսական 102-րդ ռազմաբազայի մեկ այլ զինծառայողի կողմից Գյումրիում իրականացված մեկ այլ սպանության մասին, երբ զինծառայողի ծեծի հետևանքով մահացել էր գյումրեցի 57-ամյա բնակչուհի Ջուլիետա Ղուկասյանը:

2015-ի հունվարի 12-ին Գյումրիում հայտնաբերվեցին Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի դիերը: Ընտանիքի մյուս երեխան՝ 6-ամսական Սերյոժա Ավետիսյանը, ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ վիրահատվեց։ Չնայած բժիշկների ջանքերին, երեխային փրկել չհաջողվեց, փոքրիկը մահացավ հունվարի 19-ին: Հայ-թուրքական սահմանը հատելու փորձի ժամանակ հայտնաբերված կասկածյալ Վալերի Պերմյակովին մեղադրանք առաջադրվեց, նա ընդունեց իր կատարած հանցանքը:Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մովսեսյանը 2016-ի օգոստոսի 23-ի նիստում մեղավոր է ճանաչել Պերմյակովին և որոշում է կայացրել նրան դատապարտել ցմահ ազատազրկման։Պերմյակովն արտահանձնվել է:

Ռուսական ռազմակայանի զինծառայող Ա. Ռ-ն մեղադրվում է Գյումրիում 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանին 2018-ի դեկտեմբերին ծեծելով սպանելու մեջ, նա պահվում է ռազմաբազայի տարածքում: Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին կինը մահացել է։ Կինն աշխատում էր Գյումրու քաղաքապետարանում որպես փողոցի հավաքարար։ Նա լուսաբացին դուրս էր եկել աշխատանքի։