ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
«Ձերդ գերազանցություն, Ընդունեք իմ շնորհավորանքը ՀՀ վարչապետի պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ: Վերջերս անցկացված խորհրդարանական ընտրությունները, որոնց համար ՄԱԿ-ը տեխնիկական աջակցություն ցուցաբերեց, կարևւոր հանգրվան դարձան Հայաստանի ժողովրդավարական զարգացման համար: Հուսով եմ, որ ձեր երկիրը հետագա առաջընթաց կարձանագրի ներառականության և թափանցիկության ոգով», - ասված է ուղերձում:
ՄԱԿ-ի գլխացոր քարտուղարը նաև համոզմունք է հայտնել, որ Փաշինյանի ղեկավարության ներքո Հայաստանը կշարունակի աջակցել ՄԱԿ-ի սկզբունքներին և նպատակներին:
«Ձեր հավակնոտ բարեփոխումների օրակարգին համընթաց, Միավորված ազգերի կազմակերպությունն ակնկալում է սերտորեն գործակցել Ձեզ հետ և Ձեր կառավարության հետ՝ Կայուն զարգացման նպատակների իրականացման, ինչպես նաև մարդու իրավունքների և օրենքի գերակայության պաշտպանության և ամրապնդման ուղղությամբ: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ նաև վերահաստատել, որ Միավորված ազգերի կազմակերպությունը պատրաստ է աջակցել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Մինսկի խմբի համանախագահների ջանքերին` միտված Լեռնային Ղարաբաղի երկարատև հակամարտության խաղաղ հանգուցալուծմանը», - ասված է ուղերձում:
Ավելի վաղ Փաշինյանին վարչապետ նշանակվելու առթիվ շնորհավորել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։