Վրաստանը Վենեսուելայի խորհրդարանի խոսնակ Խուան Գուաիդոյին ճանաչել է երկրի ժամանակավոր նախագահ: Այդ մասին հայտնել է Վրաստանի ԱԳՆ ղեկավար Դավիթ Զալքալիանին Twitter-ի իր միկրոբլոգում:
Նախօրեին Գուաիդոն Վենեսուելայում ծավալված մասշտաբային բողոքի ցույցերի ֆոնին իրեն հայտարարել է երկրի ժամանակավոր ղեկավար: Նրա և ընդդիմության դիրքորոշմանը սատարել են ԱՄՆ-ն, Եվրամիությունը և մի շարք լատինամերիկյան երկրներ:Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն իր հերթին հայտարարել է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին` Վաշինգտոնին մեղադրելով Վենեսուելայում պետական հեղաշրջման փորձ կատարելու մեջ:
2018-ի մայիսի 20-ին Վենեսուելայում կայացել են նախագահական ընտրություններ, որտեղ հաղթել է երկրի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն: Թբիլիսին հրաժարվել էր ճանաչել ընտրությունների արդյունքները:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում բախումներ են սկսվել զինվորականների և ցուցարարների միջև: Որոշ թաղամասերում բարիկադներ են կառուցվում, լսելի է կաթսաների զրգոնցը, որոնք վերջին շրջանում խորհրդանշում են վենեսուելացիների բողոքը նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ:
Զանգվածային անկարգությունները Կարակասում սկսվել են հունվարի 22-ին, երբ մի խումբ զինվորականների խռովության անհաջող փորձից հետո մարդիկ դուրս եկան փողոց՝ սատարելով ապստամբներին և բողոքելով Մադուրոյի իշխանության դեմ: