Հայաստանի ատոմային էլեկտրակայանի՝ ՀԱԷԿ-ի մոտ 70 աշխատակից տնօրենին աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Նրանց թվում են ատոմակայանի միջուկային անվտանգության գծով մասնագետներ, հայտնում է Aravot.am-ը:
Aravot.am-ի հետ զրույցում Հայաստանի ատոմային էլեկտրակայանի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը հաստատել է աշխատակիցների դիմում գրելու փաստը՝ նշելոքվ, որ ոչ թե 70-նն են, այլ՝ 67 աշխատակցի մասին է խոսքը, որոնք հիմնականում հերթափոխի անձնակազմում են:
Ըստ Մովսես Վարդանյանի, ՀԱԷԿ-ի միջուկային անվտանգությանը վտանգ չի սպառնում, այդուհանդերձ այդ աշխատակիցների հետ հանդիպումներ են տեղի ունենում, որպեսզի խնդրին ինչ-որ լուծում տան:
ՀԱԷԿ-ի 67 աշխատակից, գլխավոր տնօրենի խոսքով, դիմում են ներկայացրել, քանի որ աշխատավարձերի բարձրացման արդյունքում նրանց ակնկալիքները չեն արդարացվել: Նրանք դիմել են տնօրինությանը՝ որպեսզի լուծեն աշխատանքային պայմանագիրը:
«Ինչպես էներգահամակարգի մյուս օբյեկտները Հայաստանի ատոմակայանում էլ օպտիմալացման գործընթաց է սկսվել, արդյունքում 151 հաստիք կրճատվելու է, որի արդյունքում որոշակի գումար ենք ունենում: Ինչպես գիտեք, Հայաստանի պայմանների համար ատոմակայանի աշխատակիցների աշխատավարձերը համեմատաբար բարձր են, այդ թվում նաև դիմում ներկայացրած 67 աշխատակիցներինը, և մյուս ազատված աշխատակիցների գումարներն ուղղորդվելու են ատոմակայանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը: Խնդիրը ոչ թե աշխատավարձի իջեցման կամ կրճատման հետ է կապված, այլ, ընդամենը, աշխատավարձի այդ չափով բարձրացման, այսինքն՝ այդ մարդիկ դժգոհ են, քանի որ ակնկալիքներն ավելի մեծ էին»,-ասել է Մովսես Վարդանյանը:
Վարդանյանն ասել է, որ նրանք շարունակում են աշխատել.«Ես հուսով եմ, որ այդ 67 հոգու հարցը ատոմակայանի միջուկային անվտանգության վրա որևէ ազդեցություն չի ունենա: Այդ թվում նաև աշխատանքի, բայց կփորձենք աշխատանքային հանդիպումներով խնդրին լուծում տալ: Այսօր աշխատակիցների և արտադրամասերի պետերի, գլխավոր ինժեներների հետ հանդիպել ենք և փորձում ենք լուծումներ տալ: Այլ երկրներում էլ գործատուն և աշխատակիցներն ունենում են որոշակի աշխատանքային խնդիրներ աշխատավարձի հետ կապված, հույս ունենք, որ հարցը կլուծվի»:
Դիմում գրած 67 աշխատակիցների մեծ մասը երիտասարդ կադրեր են և 1974 թվականից ցածր, որոնք կենսաթոշակային վճարումներ են անում: Ըստ դիմում գրած աշխատակիցների, աշխատավարձերի այդչափ բարձրացումը շոշափելի չէ, քանի որ ավելացած գումարներն ուղղվում են բարձրացված հարկերին և կենսաթոշակային համակարգին: Ըստ Մովսես Վարդանյանի, աշխատանքային պայմանագիրը լուծելու մտադրություն ունեցող աշխատակիցների աշխատավարձերը բարձրացվել են մինչև 18 տոկոս: