
Աշխարհի առաջատար ընկերություններից մեկի՝ THALES-իփոխնախագահ և տարածաշրջանային տնօրեն Փոուլ Ռեմին կայցելի Հայաստան՝ համագործակցության հնարավորություններին տեղում ծանոթանալու և եղած առաջարկները գործնական հիմքերի վրա դնելու համար։ Այդ մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպմանը THALES-ի ղեկավար կազմի հետ՝ փոխնախագահ Ռաֆայել Էսկինազի գլխավորությամբ։
Շարունակելով քննարկումները նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների շուրջ՝ զրուցակիցները հստակեցրել են, որ այցը կկայանա փետրվարի վերջին:
Հայաստանի զարգացման գործում ընդգծելով բարձր տեխնոլոգիաների կարևորությունը՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Իմ նպատակն է Հայաստանը դարձնել նորագույն տեխնոլոգիաների երկիր»։ Նա հատկապես կարևորել է նորագույն տեխնոլոգիաների, մասնավորապես արհեստական բանականությանր տարրերով հագեցած ժամանակակից համակարգերի դերակատարումը։
Արմեն Սարգսյանն անհրաժեշտ է համարել միմյանց կապել նոր տեխնոլոգիաներն ու այն հմտությունները, որոնք ունենք, խթանել նորարարություններն ու ստարտափերը։
THALES Group ընկերությունը գործունեություն է ծավալում աշխարհի տարբեր երկրներում և զբաղվում է էլեկտրական համակարգերի նախագծմամբ ու կառուցմամբ, ծառայություններ ապահովում ավիատիեզերական, պաշտպանական, տրանսպորտային և անվտանգության շուկաներում: