26 փետրվարի 2019 - 16:51 AMT
ՀՀ-ն զենք է արտահանել Բուլղարիա

ՀՀ-ից Բուլղարիա 2017-2018 թվականներին արտահանվել է մոտ $155 հազար մաքսային արժեքով զենք։

Ըստ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանակարգի, արտահանված զենքը 9301 ապրանքախմբին է պատկանել։ Նշված ապրանքախմբի մեջ է մտնում զենքի ու մարտական տեխնիկայի մի քանի զինատեսակ՝ ավտոմատները, գնդացիրները, դիպուկահար հրացանները, մի շարք այլ զինատեսակներ, նաև՝ խոշոր տրամաչափի զինատեսակներ, ինչպիսիք են հրետանին, հակատանկային միջոցները և այլն։

Զենքի մասերն, արկերն ու փամփուշտներն անցնում են այլ ապրանքախմբերով:

2017 թվականին ՀՀ-ից Բուլղարիա արտահանվել է 65 հատ, 2018-ին՝ 240 հատ նմուշ, համապատասխանաբար $32.5 հազար և $122 հազար մաքսային արժեքով։

Դատելով քանակից ու գնից, կարելի է ենթադրել, որ խոսքը գնում է ոչ թե խոշոր զինատեսակների, այլ կամ հրազենի, կամ թեթև նռնականետների մասին։

Վերջին տարիների խոշորագույն նմանատիպ գործարքն 2014-ին էր գրանցվել, երբ ՀՀ-ից Կոնգո մոտ $1.5 մլն զենք էր արտահանվել։ ՊՆ-ն այն ժամանակ հաստատել էր տեղեկությունը՝ չհայտնելով, սակայն, գործարքի մասին որևէ մանրամասներ։

Հատկանշական է, որ ՀՀ-ն 2017 թվականին Բուլղարիայից 1000-ից ավել գնդացիր է գնել, ինչի մասին Սոֆիան հայտնել էր ՄԱԿ Սովորական սպառազինությունների ռեգիստրին։