Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը։
Օրինագիծն ընդունվել է 111 կողմ, 2 դեմ ձայների հարաբերակցությամբ:
Նախագծով, որի հեղինակը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն է, առաջարկվում է ուսվարձի ամսական վճարման մեխանիզմը պարտադիր դարձնել բուհերի համար: Դա հնարավորություն կտա մեղմել վճարովի համակարգում սովորող ուսանողների ուսման վարձի վճարման հետ կապված ֆինանսական դժվարությունները:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Համաձայն «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ կետի 5-րդ պարբերության «Վճարովի հիմունքներով սովորողներն ուսման վարձը կարող են մուծել ըստ կիսամյակների»: Միաժամանակ, նույն կետի 6-րդ պարբերության համաձայն՝ «Բարձրագույն ուսումնական հաստատությունները ըստ անհրաժեշտության սահմանում են նաև ուսման վարձի ամսական վճարման մեխանիզմներ»: Նման ձևակերպումը որոշակիորեն խոցելի է, քանի որ ուսման վարձի ամսական վճարման մեխանիզմների սահմանումը թողնվում է բուհերի հայեցողությանը` հաշվի չառնելով բարձրագույն ուսումնական հաստատությունների վճարովի համակարգերում սովորողների շահերը: