ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներ Յուլյա Լովոչկինային և Անդրեյ Շիրցելին, ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի քարտուղար Ալեքսիս Սալանսոնին և ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային:
ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, համազեկուցողները շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին ժողովրդավարական բարձր մակարդակի ընտրություններ անցկացնելու կապակցությամբ և ընդգծել, որ դրանք լիարժեք արտացոլել են ՀՀ քաղաքացիների կամքը:
Նրանք համոզմունք են հայտնել, որ ՀՀ կառավարության հավակնոտ ու համընդգրկուն բարեփոխումների օրակարգի իրականացումը նոր թափ կհաղորդի երկրում ժողովրդավարության զարգացմանն ու ամրապնդմանը:
Զրուցակիցները կարևորել են նշված բոլոր ուղղություններով փոխգործակցությունն ու ակտիվ երկխոսությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ առանձնակի կարևորում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հետ համագործակցությունը և նշել, որ անձնապես նախ որպես լրագրող, ապա քաղաքական գործիչ ու քաղբանտարկյալ երկար տարիներ ունեցել է արդյունավետ գործակցություն ԵԽԽՎ գործընկերների հետ:
Հանդիպման ընթացքում համազեկուցողների խնդրանքով Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ու տարածաշրջանային նշանակության այլ հարցերի: