Սիրիայում վիրավորված հայ սակրավորը տեղափոխվել է Մոսկվայի հոսպիտալ: Նրան մարտի 15-ին այցելել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, որը Մոսկվայում է աշխատանքային այցով:
Դավթյանը մասնակցում է ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի կոմիտեի հերթական նիստին, հայտնում է ՊՆ հասարակայնության հետ կապերի բաժինը:
Մինչ Մոսկվա տեղափոխվելը հայ սակրավորը բուժում էր ստանում սիրիական հոսպիտալում։
Հայ սակրավորը Սիրիայում մարդասիրական առաքելության իրականացման ընթացքում ոտնաթաթի շրջանում ականապայթյունային վիրավորում էր ստացել մարտի 7-ին:
Փետրվարի 8-ին Սիրիայի ժողովրդին մարդասիրական օժանդակություն ցուցաբերելու նպատակով հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր` 83 հոգի) ժամանել է Լաթաքիա քաղաքի «Հմեյմիմ» ավիաբազա:
Փետրվարի 10-ին խումբը տեղակայվել է Հալեպի Մայսալուն թաղամասում գտնվող ՀՀ հումանիտար առաքելության համար նախատեսված ՄՏՎ-ում, որտեղ մինչև փետրվարի 17-ը կազմակերպել են կենցաղային ապահովման խնդիրները և տարածքի պահպանությունը: Համաձայն պլանի` անձնակազմի հետ անցկացվել են մասնագիտական պարապմունքներ: