27 մարտի 2019 - 16:57 AMT
ԵԽԽՎ նախագահ. ՀՀ-ն հասավ ժողովրդավարական փոփոխությունների, և դա ձեռքբերում է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հանդիպել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Լիլիան Մորի-Պասկիեին:

Վարչապետը նշել է, որ Եվրոպայի խորհուրդը և ԵԽԽՎ-ն Հայաստանի համար կարևոր գործընկերներ են ժողովրդավարության զարգացման և քաղաքացիական հասարակության ուժեղացման գործընթացում:

«ՀՀ կառավարությունը ժողովրդավարական բարեփոխումների մեծ օրակարգ ունի, որի արդյունավետ իրականացման գործում եվրոպական կառույցների, այդ թվում՝ ԵԽ և ԵԽԽՎ հետ ակտիվ համագործակցությունը կարևոր նշանակություն ունի», - ասել է վարչապետը և կարևորել առաջիկայում՝ ապրիլ ամսին, նախատեսվող իր այցը Ստրասբուրգ, որի շրջանակում՝ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ընթացքում, Նիկոլ Փաշինյանը հանդես է գալու ելույթով:

ԵԽԽՎ նախագահը նշել է, որ ուրախ է հանդիպել Հայաստանի վարչապետին և քննարկել գործակցությանը վերաբերող հարցեր: Նրա խոսքով՝ ԵԽԽՎ-ում ուշադիր հետևել և հետևում են Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին և ողջունում են քաղաքական փոփոխությունների խաղաղ, ոչ բռնի իրականացումը:

«Հայաստանի քաղաքացիները կարողացան հասնել ժողովրդավարական փոփոխությունների խաղաղ ճանապարհով, և դա շատ լավ ձեռքբերում է Հայաստանի համար», - ասել է Լիլիան Մորի-Պասկիեն:

Նա նաև անդրադարձել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներին՝ նշելով, որ այն, որ քաղաքացիների մեծամասնութունը ՀՀ վարչապետի գլխավորած քաղաքական ուժին է վստահել իր քվեն, մեծ աջակցություն է կառավարությանը՝ բարեփոխումների օրակարգը կյանքի կոչելու համար:

Լիլիան Մորի-Պասկիեն վստահեցրել է՝ ԵԽ-ն և ԵԽԽՎ-ն պատրաստ են աջակցել Հայաստանին այդ գործընթացում և նշել, որ սիրով սպասում են վարչապետ Փաշինյանին երկու շաբաթից Ստրասբուրգում: Զրուցակիցները քննարկել են երկկողմ գործակցության խորացման հեռանկարները:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ կառավարության համար առաջնահերթություն է ժողովրդավարության ուժեղացումը, ինստիտուցիոնալ զարգացումը և այս համատեքստում օրակարգում քաղաքական ինստիտուտների շարունակական հզորացումն է, արդարադատության ինստիտուտների ուժեղացումն ու ամրապնդումը, այդ թվում նաև՝ անկախ դատական համակարգի կայացումը, ազատ խոսքի ամրապնդումը և այլն:

ԵԽԽՎ նախագահը ողջունել է ՀՀ վարչապետի նշած ուղղություններով բարեփոխումների նախաձեռնումը և ևս մեկ անգամ նշել, որ ԵԽ-ն և ԵԽԽՎ-ն պատրաստ են օժանդակել կառավարությանը այդ գործում, այդ թվում նաև՝ Հայաստանի հետ համագործակցության 2019-2022 թթ. Գործողությունների ծրագրի շրջանակում:

Շնորհակալություն հայտնելով ԵԽԽՎ նախագահին պատրաստակամության համար՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ-ն ԵԽ և ԵԽԽՎ լիարժեք անդամ է և շահագրգռված է զարգացնել եվրոպական կառույցների հետ փոխգործակցությունը՝ մեր երկրում ժողովրդավարության չափանիշները բարձրացնելու ուղղությամբ, քանի որ Հայաստանի քաղաքացիները վաստակել են այդ իրավունքը, և կառավարությունը կներդնի առավելագույն ջանքերը՝ այն լավագույնս ապահովելու համար: