28 մարտի 2019 - 15:39 AMT
Երևանի Եվրոպայի հրապարակը բացվել է. Ներկա էր ԵԽԽՎ նախագահը

Երևանում բացվել է Եվրոպայի հրապարակը: Պաշտոնական արարողության ժամանակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասկիեի հետ միասին բացել են հրապարակի անվանմամբ ցուցատախտակը:

Քաղաքապետը ԵԽԽՎ նախագահին է փոխանցել նաև հրապարակն անվանակոչելու մասին Երևանի ավագանու որոշումը: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաև ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, հյուրեր, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Եվրոպայի խորհրդի հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ, ի նշանավորումն Եվրոպա մայրցամաքի երկրների և Եվրամիության հետ համընդհանուր արժեքների վրա հիմնված համագործակցության, Հյուսիսային պողոտայի միջանկյալ հատվածը ավագանու մարտի 19-ի որոշմամբ անվանակոչվել է Եվրոպայի անունով: