Մարտի 30-ի առավոտյան Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի ձեռամբ վերաօծվել է Հալեպի Սրբոց Քառասնից մանկանց (40 նահատակների) մայր եկեղեցին:
Հալեպի մայր եկեղեցին պայթեցվել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից 2015-ի ապրիլին։
«Փառք քեզ Աստված, որ այս առիթն ընծայեցիր ինձ վերաօծելու այն եկեղեցին, ուր դարեր շարունակ կաթողիկոսներ են օծվել և թաղվել, հայոց մեռոնն օրհնվել»,- վերաօծման արարողության ժամանակ ասել է Արամ Ա Կաթողիկոսը։
«Պատմության ընթացքում ուրիշները քանդեցին, մենք վերաշինեցինք, ուրիշները փորձեցին մեր կյանքում սպանել հավատքը, բայց մենք հավաքական ասացինք՝ այս հավատքում մեզ ոչ ոք չի կարող հաղթել…Ցեղասպանություն գործեցին մեր ժողովրդի դեմ, սակայն չհաջողեցին: Այսօր մեր ժողովուրդը հարություն է առել, այսօր ունենք ազատ, անկախ Հայաստան՝ թեկուզ մեր պատմական հողերի մի փոքր շերտի վրա: Սակայն պետք է ձգտենք տեսնելու Հայաստանը մեր երազած պատկերով։ Ուրիշները փորձեցին աշխարհի քարտեզից ջնջել Հայաստանը, սակայն այսօր մենք ներկա ենք ամենուր»,- ասել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը։
Քառասուն նահատակների եկեղեցին կառուցվել է XV դարի սկզբին, տուժել բազում արշավանքներից ու պատերազմներից, բայց ամեն անգամ վերականգնվել է ամբողջ աշխարհով մեկ սփռված հայության ջանքերով: Հալեպի ազատագրումից հետո եկեղեցին չի գործում, քանի որ տուժել է արկակոծություններից և պայթյուններից: Ամբողջ աշխարհի հայերը դրամահավաք են կատարել Սիրիայի ամենագեղեցիկ եկեղեցիներից մեկը վերականգնելու համար: