4 ապրիլի 2019 - 11:38 AMT
Փաշինյանը հանձնարարել է պատժել ԱԳԼՃԿ-ների տերերին. Դաժան հակահարված կստանան ծնոտին

ՀՀ կառավարության ապրիլի 4-ի նիստը վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսել է ԱԳԼՃԿ-ներում գազի գնի բարձրացման վերաբերյալ ահազանգերին անդրադառնալով:

Նա Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին առաջարկել է պարզաբանել ստեղծված իրավիճակը:

«Գազի գնի փոփոխություն տեղի չի ունեցել, խնդիրն այն է, որ ամսական միջին հաշվարկով գազի խտությունը եղել է 7.1 խմ, բայց վերջին երեք-չորս օրվա ընթացքում «Հայռուսգազարտից» գազի միջին խտությունն աճել է դառնալով 7.9 խմ: Հետևաբար տնտեսվարողներն համապատասխան ծրագրային փոփոխություններ պետք է անեին, որը չեն արել, արդյունքում սպառողներն ավելի են վճարել», - ասել է Կոտոլյանը:

Նա նշել է, որ իր ղեկավարած տեսչական մարմինը զգուշացրել է տնտեսվարողներին ամեն օր փոփոխություն կատարել իրենց դիսպենսերներում և խտության ճիշտ ցուցմունք տեղադրել, որպեսզի սպառողները ստիպված չլինեն ավելի շատ գումար վճարել:

«Գազպրոմ Արմենիան» ամեն օր գազի խտություն է տալիս, և ԱԳԼՃԿ-ներն ամեն օր պետք է անեն համապատասխան կարգավորումներ: Դրանց սեփականատերերի հետ զրուցել ենք և հորդորել ամեն օր գազի հստակ խտությունը ներմուծել ծրագրի մեջ: Այլապես մենք որակում ենք սա միտումնավոր կամ ոչ միտումնավոր չարաշահում», - ասել է Կոտոլյանը:

Վարչապետը դիմել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին՝ հետաքրքրվելով, թե հնարավոր է սա գազալցակայանների սեփականատերերի պրովակացիան լինի՝ ի պատասխան ոլորտում ստվերի կրճատման դեմ ՊԵԿ-ի վարած քաղաքականության:

«Տեսականորեն հնարավոր է: Գազալցակայանները հնարավորություն ունեն և խմ-ով, և կգ-ով ցուցմունքն ապահովելու: Այդ ցուցմունքն ամեն առավոտյան մուտք է արվում համակարգ», - ասել է Անանյանը:

Վարչապետը հրավիրել է բոլորի ուշադրությունը մամուլում շրջանառվող մանիպուլյատիվ այն տեղեկությունների վրա, որ գազի գնի փոփոխությունը կառավարության որոշումների հետևանք է:

«Նախ ուզում եմ արձանագրել, որ որևէ նման որոշում չի եղել: Նույնիսկ մանիպուլյատիվ տեղեկություն կար, որ կառավարության օրենքի նախագիծը, համաձայն որի գազալցակայանները գազը կտրամադրեն ոչ թե խմ-ով, այլ կգ-ով, ազդել է գազի գնի վրա: Այդ նախագիծն ԱԺ-ն նույնիսկ չի քննարկել: Երրորդ՝ այդ որոշման նախագիծը չի կարող գազի գնի բարձրացման պատճառ դառնալ, և ոմանք փորձում են մանիպուլյացիա անել, այստեղ պետական մարմինների արձագանքը պետք է լինի շատ կոշտ: Ես դարձյալ ուզում եմ կրկնել, որ եթե որոշ նախկին օլիգարխներ մտածում են, որ իրենք կարողանալու են այդ իրավիճակում մանիպուլյացիաների դաշտ մտնել սխալվում են: Ես վերջին անգամ ուզում են զգուշացնել բոլորին՝ մեր բարեկրթությունը որևէ մեկը չփորձի մեկնաբանել որպես թուլություն, թե չէ շատ դաժան հակահարված կստատան, անձնապես բոլորն առանց բացառության: Ժողովրդի վստահությունը վայելող կառավարության հակահարվածի ուժը կզգան իրենց ծնոտին», - ասել է վարչապետը:

Փաշինյանը հանձնարարել է ՊԵԿ-ին և ՇՎՏՄ-ին խիստ պատժի ենթարկել չարաշահումներ իրականցնող տնտեսվարողներին:

«Ուրեմն ստվերի դեմ պայքարում մենք կոմպրոմիս չունենք, չլինի ՀՀ-ում գազալցակայան, որ ՀԴՄ չխփի: Եթե պետք է այն ճանապարհով գնանք, որ ԱԳԼՃԿ-ները ՀԴՄ խփեն ու սնանկանան, չնայած դա բացառվում է, ուրեմն թող սնանկանան», - ասել է վարչապետը:

Ընթերցեք նաև՝ «Վարչապետը ԱԱԾ-ին հանձնարարել է հակահարված տալ մանիպուլյատիվ ինֆորմացիա տարածողներին»: