8 օգոստոսի 2008 - 16:19 AMT
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Հարավային Օսեթիայում զինված գործողությունների անհապաղ դադարեցման կոչ է անում
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերը լուրջ անհանգստություն է հայտնել Հարավային Օսեթիայի իրադրության շուրջ, PanARMENIAN.Net-ին հայտնել են ՆԱՏՕ-ի մամլո ծառայությունում: «Մենք ուշադիր հետեւում ենք իրադարության զարգացմանը»,- հայտարարել է նա: Յաապ դե Հոոպ Սխեֆերը կոչ է արել կողմերին անհապաղ դադարեցնել զինված բախումները եւ ուղիղ բանակցություններ սկսել:

Նշենք, որ վրացական զորքերը օգոստոսի լույս 8-ի գիշերը սկսել են չճանաչված Հարավային Օսեթիայի հանրապետության մայրաքաղաք Ցխինվալի վրա հարձակումը: Ինչպես հաղորդում է Հարավային Օսեթիայի պաշտպանության նախարարությունը, օգոստոսի 7-ին մոտավորապես 23:30-ին տեղի ժամանակով վրացական Էրղնեթի, Նիկոզի գյուղերի կողմից ծանր հրետանուց կրակ է բացվել Ցխինվալի ուղղությամբ: Օգոստոսի 8-ի առավոտյան վրաց զինվորականները գրավել են Ցխինվալիի մի շարք շրջաններ եւ 11 շրջակա գյուղեր: Ինչպես հաղորդում է վրացական «Ռուսթավի-2» հեռուսաընկերությունը, մոտ 600 վրաց զինվորականներ գտնվում են Հարավային Օսիայի մայրաքաղաքում: Վրացական զորքերը նշանառու կրակ են բացել ռուս խաղաղապահների մշտական տեղակայման վայրերի ուղղությամբ: Խաղաղապահների հրամանատարության ներկայացուցչի խոսքերով, խաղաղապահների շարքում կան վիրավորներ եւ սպանվածներ Ցխինվալիի զորանոցներին ուղղակի հարվածների արդյունքում: