Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ջավախք այցի շրջանակում եղել է նաև Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում: Այս այցը նախապես ծրագրված չէր, նախագահը որոշել է այցելել եկեղեցի, երբ իմացել է, որ Հայ առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը:
Վրաստանի նախագահը, Ախալքալաքի Մշակույթի տնից դուրս գալուց, տեսնելով գլխին ծաղկեպսակ դրած մի աղջկա, հարցրել է և պարզել, որ ՀԱԵ-ն ապրիլի 14-ին տոնում է Ծաղկազարդը: Սալոմե Զուրաբիշվիլին ոտքով քայլել է դեպի Սուրբ Խաչ եկեղեցի, հայտնում է jnews.ge-ն:
Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական նորանշանակ փոխանորդ հոգեշնորհ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանը բարձր է գնահատել նախագահի չնախատեսված այցը:
«Սա շատ կարևոր քայլ է նախագահի կողմից: Դուք մեզ հարգել եք Ձեր այցով, սա մեծ կարևորություն ունի հայ-վրացական եղբայրական հարաբերություններում», – ասել է նա:
Այնուհետև Սալոմե Զուրաբիշվիլին ուղևորվեց դեպի Նինոծմինդայի շրջանի Փոկա գյուղ: