Գերմանիայում 100-ամյա հոբելյանը նշողներին սովորաբար շնորհավորում է այն քաղաքի քաղաքապետը, որտեղ նրանք ապրում են: Սակայն, կյանքի միջին տևողությունը Գերմանիայում այնքան արագ է աճում, որ, հավանաբար, քաղաքապետարանները ժամանակի ընթացքում ստիպված կլինեն հատուկ պաշտոն ստեղծել, որը զբաղեցնողը կայցելի երկարակյացներին ու կշնորհավորի նրանց, գրում է Deutsche Welle-ն:
Ըստ փորձագետների հարցումների, 2019-ին Գերմանիայում ծնված յուրաքանչյուր երրորդ աղջիկը կապրի մինչև100 տարեկան: Իսկ 2019-ի նորածինների կյանքի միջին տևողությունը կգերազանցի 90 տարին՝ 94,8 տարի աղջիկների դեպքում, 88,6 տարի՝ տղաների: Ինչպես կանխատեսում են գիտնականները, հիմք ընդունելով ՄԱԿ տվյալները, ոչ հեռու ապագայում 90-ամյա գերմանացիներն արդեն չեն համարվի երկարակյացներ, քանի որ այդ տարիքը նորմա կդառնա:
Ուրախացնում են նաև արդեն հասուն տարիքում գտնվողների վերաբերյալ կանախտեսումները: Ժողովրդագիրները համարում են, որ Գերմանիայի յուրաքանչյուր բնակչուհի, որն այժմ 50 տարեկան է, առնվազն 90 տարի կապրի, իսկ նրանց 12 տոկոսը՝ նույնիսկ 100: Իսկ նրանց հասակակից տղամարդկանց շրջանում 90-ամյա հոբելյանը կտոնի յուրաքանչյուր երրորդը: