29 ապրիլի 2019 - 16:35 AMT
«ՔՈ»-ն դիմել է ԱԺ նախագահին և գլխավոր դատախազին՝ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցով

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու գործընթաց սկսելու հարցով:

«Սույն թվականի ապրիլի 19-ին «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում լրացուներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ նիստերի դահլիճում և դրանից դուրս լրագրողների հետ շփումներում հնչեցրած հայտարարությունների հետ կապված քրեական հետապնդում հարուցելու և խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու գործընթաց սկսելու հարցով՝ հաշվի առնելով պատգամավորի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքը։ Այս մասին հայտնում են ՔՈ կուսակցության մամուլի ծառայությունից», - նշվում է հայտարարության մեջ:

Ծառուկյանին մանդատից զրկելու պահանջը ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանել է նրա ղեկավարած խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ ասելով, որ «չկա որևէ մեկը, որ կարող է ապացուցել՝ Ծառուկյանը անհատ ձեռներեց է»։

«Նա ձեռներեց չէ, սեփականատեր է։ Սա հրապարակային հայտարարել է նաև վարչապետը։ Ես չգիտեմ այդպիսի դիմումի առկայության մասին, ամեն դեպքում ցանկացած դիմումատու պարտավոր է պահպանել բարեխղճության սկզբունքը, և եթե հանկարծ պարզվի, որ իր դիմումում նշված հանգամանքներն ակնհայտորեն չեն համապատասխանում իրականությանը, ապա նման դիմումատուներին սպառնում է քրեական օրենսգիրքը՝ ակնհայտ սուտ մատնություն կատարելու մասին»,- ասել է նա:

Ավելի ուշ Պետրոսյանի ֆեյսբուքյան հաշիվն անհետացել է, իսկ «Հայկական Ժամանակի» հետ զրույցում պատգամավորն ասել է, որ «ինչ-որ լակոտներ» ջնջել են ֆեյսբուքյան իր հաշիվը:

ՀՀ սահմանադրությունն արգելում է ՀՀ ԱԺ պատագամավորին զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: