10 սեպտեմբերի 2008 - 17:34 AMT
Դենիել ֆրիդ. ԱՄՆ-ն Կովկասի դեպքերի հետ կապված լրացուցիչ օգնություն կհատկացնի Հայաստանին
Կովկասում վերջին իրադարձությունների կապակցությամբ ԱՄՆ վարչակազմը լրացուցիչ օգնություն կհատկացնի Հայաստանին: Այդ մասին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների գծով կոմիտեում ռուս-ամերիկյան համագործակցության թեմայով լսումների ժամանակ հայտնել է ԱՄՆ-ում Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերի գծով գլխավոր քարտուղարի օգնական Դենիել Ֆրիդը, հաղորդում է Ամերիկայի Հայկական Համագումարը (ԱՀՀ): Դենիել Ֆրիդը նշել է նաեւ, որ Հայաստանը որոշակի օգնություն արդեն ստանում է այլ ֆինանսական ծրագրերի շրջանակներում:

«Ես լրջորեն անհանգստացած եմ նրանով, որ վարչակազմը հաշվի չի առել այն փաստը, որ Հարավային Կովկասի վերջին իրադարձությունները բացասաբար են անդրադարձել Հայաստանի վրա: Մենք պետք է համոզված լինենք, որ Հայաստանին ֆինանսական օգնություն կհատկացվի` կապված տարածաշրջանի վերջին իրադարձությունների հետ»,- հայտնել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանը:

Սպասվում է, որ ԱՄՆ Կոնգրեսի Հատկացումների կոմիտեն կքննարկի Վրաստանի օգնության ծրագիրը, ինչի վերաբերյալ կոնգրեսականներին նամակ է հղել ԱՀՀ-ն, որտեղ նշվում է տարածաշրջանային իրադարձությունների ազդեցությունը ոչ միայն Վրաստանի, այլեւ Հայաստանի տնտեսության վրա: