Մայիսի վերջին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային այց կկատարեն։ Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը։
«Սրա մասին հավելյալ կտեղեկացնենք», - ասել է ԱԳՆ խոսնակը` նշելով, որ համանախագահները կլինեն Երևանում, Ստեփանակերտում և Բաքվում, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Նա հավելել է նաև, որ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը մայիսի 21-ին մեկնելու է Բիշքեկ՝ մասնակցելու ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին։ Նրա խոսքով՝ նիստին քննարկվելու են խորհրդի օրակարգի հարցեր, այդ թվում՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակմանն առնչվող հարցեր:
Աննա Նաղդալյանը նաև տեղեկացրել է, որ մայիսի 25-ին Չինաստանի արտգործնախարար Վանն Ինը կայցելի Հայաստան։ Այցի շրջանակներում նախատեսված են երկու միջազգային պայմանագրի և մեկ միջազգային պայմանագիր չհանդիսացող փաստաթղթի ստորագրություն։
Նա նաև տեղեկացրել է, որ հունիսին Բրյուսելում կայանալու է նաև Հայաստան-ԵՄ գործընկերության երկրորդ նիստը, որը վարելու են Զոհրաբ Մնացականյանն ու Եվրամիության արտգործնախարար Ֆեդերիկա Մոգերինին։