Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին լրագրողների հետ զրույցում նշել է, որ ԵՄ-ն ընդունում է արդարադատության համակարգում փոփոխություններ կատարելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի վճռական հանձնառությունը:
«Հայաստանի կառավարությունը պետք է իմանա, որ այդ բարեփոխումների իրականացման ճանապարհին մեզ վրա կարող է հույս դնել: Եվրամիությունը կարծում է, որ Հայաստանում արդարադատության ոլորտում խորը և համապարփակ բարեփոխումները երկրի ապագայի համար կենսական նշանակություն ունեն», - ասել է Սվիտալսկին:
Նա նշել է, որ Հայաստանում մարդկանց մեծամասնությունը դատարաններին չի վստահում, և հանրային վստահությունը վերականգնելու համար լուրջ բարեփոխումներ են անհրաժեշտ: Ըստ նրա՝ դատարանների նկատմամբ հասարակության անվստահությունը երկու հիմնական պատտճառ ունի. նախկինում եղած կոռուպցիան և քաղաքական անկախությունը, քաղաքական մանիպուլյացիան:
«Եվրամիությունն այն կարծիքին է, որ այդ բարեփոխումները պետք է իրականացվեն Հայաստանի Սահմանադրությանը և միջազգային պարտավորություններին համապատասխան: Դրանց թվում Եվրոպայի խորհրդի անդամակցության, ինչպես նաև Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված համաձայնագրում արդարադատության բարեփոխումներին առնչվող փոխադարձ պարտավորություններն են»,- ասել է Սվիտալսկին:
Նրա խոսքով՝ Եվրամիությունը պատրաստ է ինչպես տեխնիկական, այնպես էլ ֆինանսական շոշափելի աջակցություն ցուցաբերել Հայաստանում արդարադատության համակարգում տեղի ունեցող բարեփոխումներին:
Ավելի վաղ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտնել է, որ Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել Հայաստանում անկախ դատական համակարգի ամրապնդմանը:
«Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել Հայաստանում անկախ դատական համակարգի ամրապնդմանը, ինչը ներառում է կոռուպցիայի դեմ ուղղված ջանքեր և իրավունքի գերակայության հաստատությունների ձևավորում։ Սա պահանջում է վճռականություն, զգոնություն և կառավարման թափանցիկ ու հաշվետու հաստատությունների կառուցման երկարաժամկետ ռազմավարություն: Հայաստանի ժողովուրդը հստակ մատնանշել է, որ սատարում է այս փոփոխություններին, եւ մենք կառավարությանը քաջալերում ենք հետամուտ լինել դատական բարեփոխումների երկրի սահմանադրությանը համահունչ ճանապարհով»,- նշել են դեսպանատնից։