31 մայիսի 2019 - 11:29 AMT
«Իմ քայլի» պատգամավորը Մարուքյանի համար մածուն էր բերել ԱԺ

ԱԺ մայիսի 31-ի նիստում «Իմ քայլի» պատգամավոր Համազասպ Դանիելյանը մեկ բաժակ մածունով մոտեցել է ամբիոնին և անդրադարձել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրությունների շուրջ արած հայտարարությանը:

Նա դիմել է Մարուքյանին և կոչ է արել աշխատանքային միջավայրը չթունավորել:

«Ի՞նչ կմնա կլասիկ պատգամավորից, եթե նա «կլասը» գցի և «կլասը» վերանա: Կոչ եմ անում աշխատանքային միջավայրը չթունավորել», - ասել է պատգամավորը:

Անդրադառնալով Մարուքյանի մայիսի 30-ի ելույթին, Դանիելյանն ասել է, որ բոււհի խորհրդի անդամների մի մասը նշանակվում է կառավարության կողմից:

«Եթե այս կարգավորման մեջ խնդիր եք տեսնում, եկեք քննարկենք՝ արդյոք բուհերը պե՞տք է թողնել առանց վերահսկողության: ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ի երկու թեկնածուն առաջադրվել են խորհրդի այն անդամների կողմից, որոնք ներկայացնում են դասախոսական անձնակազմը: Ասում եք՝ ճնշումներ…մի քիչ պատասխանատու պետք է լինել: Պարոն Մարուքյանն այդպես էլ չասաց՝ ԺՊ-ի թեկնածուներից որևէ մեկի հետ առնչություն ունի, թե՝ ոչ: Ես որևէ մեկի հետ չունեմ: Պարոն Մարուքյանը և նալին է խփում, և մեխին: Նա շատ առումներով հակասում է ինքն իրեն: Նորից կոչ եմ անում մնալ կառուցողական դաշտում», - ասել է նա:

Ընթերցեք նաև՝ «Մարուքյանը՝ իրեն մածուն բերած պատգամավորին. Պետք է ջանաք իմ կլասիկի մակարդակին հասնելու համար»: