18 սեպտեմբերի 2008 - 16:30 AMT
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում խոստացել են քննարկել Հայաստանին լրացուցիչ ֆինանսական օգնություն տրամադրելու հարցը
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանը երախտագիտություն հայտնեց Հայաստանի կառավարությանը ԱՄՆ քաղաքացիների անվտանգ մուտքը հանրապետության տարածք ապահովելու համար Վրաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների ժամանկ: Այդ մասին նա հայտարարեց Վրաստանին որպես օգնություն 470 մլն դոլար տրամադրելու վերաբերյալ օրինագծի քննարկման ընթացքում, PanARMENIAN.Net-ն են հաղորդել Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբում (ANCA): Հիշեցնելով Հայաստանին հասցված վնասի մասին եւ նշելով, որ նրան լրացուցիչ օգնություն չի տրամադրվել, Հ.Բերմանը խոստացավ Հայաստանին լրացուցիչ օգնություն տրամադրելու հարցը քննարկել եկող տարի:

«Չնայած, որ քննարկվող օրինագիծը չի ներառում Կովկասի այլ երկրների ֆինանսավորում, այնուամենայնիվ, եկող տարի մենք կփորձենք հաստատել Հայաստանի ֆինանսական օգնության տրամադրում նախատեսող օրինագիծը, որը տուժեց Վրաստանում վերջին իրադարձությունների արդյունքում»,-հայտարարել է Հովարդ Բերմանը:

Իր հերթին կոնգրեսական Բրեդ Շերմանը, որը Հայաստանին եւ Վրաստանի հայաբնակ Ջավախքին ֆինանսական օգնություն տրամադրելու կողմնակից է, հանդես եկավ որոշ դիտողություններով այդ օրինագծի վերաբերյալ, որը կարող է նպաստել Հայաստանը շրջանցող նոր նավթամուղի կառուցմանը, եւ ընդգծեց, որ այդ նախաձեռնությունը կարող է օգտակար լինել միայն այն երկրներին, որոնք փորձում են մեկուսացնել Հայաստանը: Կոնգրեսական Շերմանը ափսոսանք է հայտնել այն առնչությամբ, որ Հայաստանին լրացուցիչ ֆինանսական օգնության տրամադրման հարցը չէր ընդգրկվել Վրաստանին օգնություն տրամադրելու վերաբերյալ օրինագծի մեջ:

«Մենք երախտապարտ ենք Հովարդ Բերմանին ու Բրեդ Շերմանին այս հարցն արծարծելու համար: Մենք հուսով էինք, որ Հայաստանին եւ Ջավախքին ֆինանսական օգնություն տրամադրելու մասին հարցը կներառվի այն նույն ֆինանսական փաթեթի մեջ, որտեղ ասվում է Վրաստանին տրամադրվող օգնության մասին: Այնուամենայնիվ, մենք կշարունակենք աշխատել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի եւ հատկացումների կոմիտեի հետ, ապահովելու համար Հայաստանին ֆինանսական օգնության տրամադրումը եկող տարում»,-հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: