20 հունիսի 2019 - 16:06 AMT
Արցախի ՄԻՊ. Միջազգային կառույցները չեն աջակցում Արցախին փախստականների խնդիրների լուծման հարցում

Արցախը փաստացի միայնակ է մնացել իր տարածքում բնակվող փախստականների սոցիալ-կենցաղային խնդիրների լուծման հարցում, քանի որ միջազգային կառույցները ոչ մի աջակցություն չեն ցուցաբերում: Այդ մասին հայտարարել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը փախստականների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը, որը կազմակերպվել էր Արցախի փախստականների հասարակական կազմակերպության կողմից:

Պաշտպանն իր խոսքում անդրադարձել է ադրբեջանահայության հայրենազրկման պատճառներին՝ ընդգծելով, որ Ադրբեջանի ցեղասպանական գործողությունները հանգեցրել են մոտ 500,000 հայերի հայրենազրկման և բազմաթիվ իրավունքների շարունակական խախտման: Նա կարևորել է ադրբեջանահայ փախստականության խնդիրների հանդեպ միջազգային հանրության պատշաճ ուշադրությունը և հակամարտության կարգավորման գործում նրանց ակտիվ մասնակցությունը:

Բեգլարյանն ընդգծել է, որ Մարդու իրավունքների պաշտպանն ուշադրության ներքո է պահում փախստական անձանց խնդիրներն ու պետական մարմինների հետ նրանց հարաբերությունները, ինչի արդյունքում ՄԻՊ-ի միջամտությամբ հաջողվում է լուծել որոշ անհատական խնդիրներ:

Սկսած 1988 թվականից միասնական պետության (ԽՍՀՄ) սահմաններում՝ Ադրբեջանական ԽՍՀ հայաշատ քաղաքներում ու շրջաններում (Սումգայիթ. Բաքու, Կիրովաբադ, Խանլար, Դաշքեսան, Ղազախ և այլն) կիրառված զանգվածային բռնարարքների արդյունքում տեղահանվել է մոտ 500 հազար հայ, որոնցից 408 հազարը մազապուրծ հասել է ՀՀ (1992)։