Խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հաստատել է այն տեղեկությունները, որ ինքը չի միջամտել Աբովյանի քաղաքապետի ընտրություններին, որովհետև այնտեղ առաջադրված թեկնածու Գրիգոր Գուլյանն իր սրտով չի եղել, հետևաբար` ինքը նրան չի պաշտպանել։
Խոսելով Աբովյանի քաղաքապետի ընտրություններում ՔՊ-ի պարտության մասին` պատգամավորը շեշտել է, որ ՔՊ-ն պարտվել է հենց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի պատճառով, որն անձնավորել էր այդ ընտրությունները և բարձր համարել իր դերը դրանցում, հայտնում է Yerkir.am-ը։
Պատգամավորը նաև նշել է, որ ինքը Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի աշխատաոճի նկատմամբ թերահավատություն ունի: «Ինքն այնտեղ` Աբովյանում ու այդ մարզում ուզում է դառնալ դեմք։ Վարչությանը բերել, թեկնածու է ներկայացրել, ես դեմ եմ քվեարկել։ Երկրորդ անգամ էլ, որ պետք է արդեն պաշտոնապես առաջադրվեր ՔՊ-ի կողմից, ես էլի դեմ եմ քվեարկել։ Ու դրանից հետո ես չեմ խառնվել Աբովյանի ընտրություններին, չեմ միջամտել՝ պահելով ՔՊ-ի կարգ ու կանոնը»,- ասել է նա:
Ինչ վերաբերում է Աբովյանի վերընտրված քաղաքապետ Վահագն Գրիգորյանին, ապա Սասուն Միքայելյանը դրական գնահատական է տվել նրան, հաստատել, որ նրան ճանաչում է 1995-ից, երբ աշխատում էր ԱԺ-ում:
«Ես ասել եմ, որ պետք չէ տանել ցնցումների։ Նա այն քաղաքապետերից մեկն է, որը բյուջեն կատարել է 104 տոկոսով, այսինքն՝ բյուջեն գերակատարել է։ Ես ոչ թե չեմ պաշտպանել, այլ չեմ խառնվել ու ՔՊ-ի թիկունքից էլ չեմ խփել»,- պարզաբանել է Միքայելյանը:
Հունիսի 9-ին Կոտայքի մարզի Աբովյանի քաղաքապետի ընտրություններում գործող քաղաքապետ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու Վահագն Գրիգորյանը հաղթել է իշխող «Իմ քայլը» դաշինքի թեկանծու Գրիգոր Գուլյանին: