2 հուլիսի 2019 - 10:26 AMT
Ամառային զորակոչը մեկնարկել է

Հուլիսի 1-ին մեկնարկել է 2019-ի ամառային զորակոչը: Հուլիսի 2-ին պարտադիր զինվորական ծառայության են մեկնել այս զորակոչի առաջին նորակոչիկները:

Ընթացիկ աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով ՊՆ կենտրոնական հավաքակայան է այցելել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Զորակոչի գործընթացին ներգրավված պատասխանատուների ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը եղել է զորակոչիկների դիմավորման ու ընդունման կետում, բուժզննման, հանդերձավորման սենյակներում և վիճակահանության սրահում, դիտարկել հավաքակայանում զորակոչի կազմակերպման համար առկա պայմանները, զորակոչիկների բուժհետազոտության իրականացման կարգը:

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հանդիպել է նաև զինակոչիկների ծնողներին, հետաքրքրվել նրանց սպասելիքներով և տրամադրվածությամբ, շնորհակալություն հայտնել պատրաստակամ ու հայրենասեր զավակներ մեծացնելու համար:

Զինված ուժերի համալրման գործընթացը խստագույնս վերահսկվում է ՀՀ պաշտպանության նախարարության, ԶՈւ գլխավոր շտաբի ղեկավարության և իրավապահ մարմինների կողմից:

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2019թ. ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Տեղեկությունների համարկարելի է զանգահարել 010-52-34-82 հեռախոսահամարով: