Հոնկոնգի վարչապետ Քերի Լեմը հուլիսի 2-ին հայտարարել է բողոքների պատճառ դարձած արտահանձնման մասին օրենքից հրաժարվելու մասին: Օրինագիծն այլևս չի ներկայացվի Օրենսդիր խորհուրդ:
Վարչապետն անձամբ է ներողություն խնդրել ակտիվիստներից օրինագծում հակասությունների համար և ընդգծել, որ կառավարությունը չի վերսկսի քննարկումները, այնպես որ այն ինքնաբերաբար կհանվի օրակարգից 2020-ի հուլիսին, գրում է Deutsche Welle-ն:
Արտահանձնման մասին օրենքը, եթե ընդունվեր, թույլ կտար Հոնկոնգի իշխանություններին արտահանձնել Չինաստան նրանց, ում Պեկինում մեղավոր են համարում որևէ հանցագործության մեջ: Մինչև վերջերս Հոնկոնգի իշխանությունները հրաժարվում էին արտահանձնել իրենց քաղաքացիներին մայրցամաքային Չինաստանին դատավորների կանխակալ վերաբերմունքի առումով կասկածների պատճառով:
Արտահանձնման մասին օրենքի առաջադրումը Հոնկոնգի կառավարության կողմից վերջին տասնամյակների ամենամեծ ցույցերի պատճառ դարձավ: Հուլիսի 1-ին, Չինաստանի կազմ Հոնկոնգի վերադառնալու 22-րդ տարեդարձի օրը, բողոքներն ավելի սաստկացան: Խաղաղ ցույցերին զուգահեռ, հարյուրավոր մարդիկ գրավեցին խորհրդարանը: Որոշ ցուցարարներ պատերին բողոքի կարգախոսներ գրեցին և մասնակիորեն վնասեցին շենքը: Քերի Լեմը դատապարտել է բռնությունն ու զգուշացրել, որ մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու: