8 հուլիսի 2019 - 10:23 AMT
Նոր սկանդալ Վրաստանում. Պուտինին հայհոյել են ուղիղ եթերում

Վրաստանի և ՌԴ քաղաքական, հասարակական գործիչներն ու լրագրողները խստիվ դատապարտել են «Ռուսթավի 2» հեռուստաալիքի հաղորդավար Գեորգի Գաբունիայի վարքագիծը, որը հուլիսի 7-ի երեկոյան իր հեղինակային P.S. հաղորդման ուղիղ եթերում հայհոյել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և նրա հանգուցյալ ծնողներին:

Եթերից հետո Վրաստասնի քաղաքացիներից շատերը վրդովված գրառումներ են կատարել սոցցանցերում՝ մտավախություն հայտնելով, որ այդ դեմարշից հետո երկու երկրների հարաբերություններն էլ ավելի կսրվեն, հայտնում է RT-ն:

Գիշերը հեռուստաալիքի գրասենյակի մոտ սկսել են մարդիկ հավաքվել՝ տարերային հանրահավաքի: Վրաստանի նախագահը Գաբունիայի վարքագիծն անվանել է սադրիչ և երկրի շահերին դեմ:

Սակայն «Ռուսթավի 2»-ի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան հայտարարել է, որ սատարում է հաղորդավարի դիրքորոշմանն ու մտադիր չէ ներողություն խնդրել նրա խոսքերի համար:Գվարամիան այնուամենայնիվ նշել է, որ հեռուստաալիքը կողմ չէ տեսակետները ցենզուրայից դուրս բառապաշարով արտահայտելուն՝ թեև P.S.-ը հեղինակային հաղորդում է:

ՌԴ մեդիահանրության ներկայացուցիչները կարծում են, որ ստեղծված իրավիճակը հարկավոր է սառը դատել և ռուբլով պատժել վրացական կողմի վարքագծի համար:

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ևս մեղադրել է լրագրողին սադրանքի և անընդունելի վարք դրսևորելու մեջ: «Այն, ինչ այսօր տեսանք «Ռուսթավի 2»-ի եթերում, ոչ այլ ինչ է, քան սադրանքի զազրելի ակտ և մեր երկիրն ապակայունացնելու փորձ: Դա անընդունելի»,-գրել է Բախտաձեն Twitter-ում: