29 սեպտեմբերի 2008 - 14:35 AMT
ՀՀ նախագահ. Ես մեծ հույսեր չէի կապում Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մեծ հույսեր չէր կապում Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների Նյու Յորքում կայացած հանդիպման հետ: Այդ մասին այսօր լրագրողներին է հայտարարել Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով, անցկացվել են մի քանի նման հանդիպումներ, սակայն դեռեւս կոնկրետ արդյունք չկա: Ընդ որում նախագահը հավելել է, որ այդ հանդիպումները մեկ գործընթացի մաս են կազմում եւ դրանց արդյունքը անպայման տեսանելի կլինի:
Սերժ Սարգսյանը նշել է նաեւ, որ գոհ է ԱՄՆ կատարած իր այցի արդյունքներից` հավելելով, որ նրա այցի ժամանակացույցը բավական հագեցած է եղել, ջերմ հանդիպումներ են եղել ԱՄՆ-ի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: «Ես հպարտ եմ, որ մենք զորավոր եւ ուժեղ հայրենակիցներ ունենք աշխարհի ամենահզոր երկրում` ԱՄՆ-ում»,-նշել է Հայաստանի նախագահը:
Ս.Սարգսյանը Նյու Յորքում էր գտնվում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 63-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով: Սեպտեմբերի 26-իօն Նյու Յորքում հանդիպեցին Հայաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը, Ալի Բաբաջանը եւ Էլմար Մամեդյարովը: Հանդիպման ընթացքում երեք երկրների արտգործնախարարները քննարկել են վերջին տարածաշրջանային զարգացումներն ու Կովկասի համագործակցության ու կայունության պլատֆորմի ստեղծման վերաբերյալ նախաձեռնությունը: