7 հոկտեմբերի 2008 - 14:35 AMT
ԵՄ-ն ողջունում է ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում Թուրքիայի նախաձեռնությունը
«Մենք դեռեւս լիարժեք չենք գնահատել Թուրքիայի պոտենցիալը Կովկասի հակամարտական խնդիրների լուծման գործում»,- հայտնել է Եվրոպական Միության Հարավային Կովկասի գծով հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին: Նրա խոսքերով, ԵՄ-ն ողջունում է ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում Թուրքիայի նախաձեռնությունը: «Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի այցը Երեւան հզոր պատմական ժեստ է, որն ապագայում կանդրադառնա տարածաշրջանի հակամարտական իրադրությունների լուծման վրա»,- ասել է Սեմնեբին, հաղորդում է 1news.az-ը:
Սեպտեմբերի 6-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների հանդիպումը դիտելու համար Երեւան էր ժամանել Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը: Նախքան հանդիպումը նախագահները հայտնել էին, որ այդ հանդիպումը լուրջ խթան կդառնա երկու երկրների միջեւ հետագա երկխոսության համար:
Ավելի ուշ Աբդուլլա Գյուլը հայտարարել էր, որ մտադրված է միջնորդ դառնալ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ: «ԵԱՀԿ Մինսկի խումբն իր 17 տարվա գործունեության ընթացքում չկարողացավ զգալի արդյունքների հասնել»,- ասել էր նա: Ընդ որում, Գյուլը նշել էր, որ Թուրքիայի եւ Հայաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խնդիրները միայն երկկողմանի չեն. դրանք տարածաշրջանային խնդիրներ են: