9 հոկտեմբերի 2008 - 18:04 AMT
Հայոց ցեղասպանության Ամերիկյան Թանգարանին փոխանցվել է Ցեղասպանության մասին նյութերի եզակի հավաքածու
Վերջերս Հայոց ցեղասպանության Ամերիկյան Թանգարանին փոխանցվել է Հայոց ցեղասպանության մասին գրքերի եւ նյութերի եզակի հավաքածու: Սեփականատերերը, որոնք ցանկացան անանուն մնալ, Թանգարանին մի քանի հազար հազվագյուտ գրքեր ու փաստաթղթեր են նվիրաբերել, որոնք ծրագրվում է փոխանցել թանգարանի բացմանը` 2010թ.: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել են AGMA-ում: Հավաքածուի մեջ մտնում են արժեքավոր քարտեզներ, լուսանկարներ, ինչպես նաեւ զանազան արխիվների ուսումնասիրությունների եւ հետազոտությունների արդյունքներ: «Անկասկած, Թանգարանին հավաքածուն փոխանցելու ողջ իմաստը կայանում է նրանում, որ մարդկանց անհրաժեշտ է իմանալ, որ գոյություն ունեն մեծ քանակությամբ նյութեր եւ փաստաթղթեր, որոնք տեղեկատվություն են պարունակում այն մասին, թե ինչ է տեղի ունեցել հայերի հետ 20-րդ դարի սկզբին: Միեւնույն ժամանակ կան բազմաթիվ վկայական ցուցմունքներ, որոնք հաստատում են հայերի ոչնչացման եւ տեղահանման փաստը: Եւ մեզ թվում է, որ այդ վկայությունների ցուցադրման համար Վաշինգտոնից ավելի նպատակահարմար վայր չկա»,- նշել են հավաքածուի նվիրաբերողները:

Թանգարանի Հովանավորների եւ շինարարության կոմիտեի նախագահ Վան Քրիքորյանն իր հերթին նշել է, որ նվիրաբերված հավաքածուն կդառնա թանգարանի գրադարանի մի մասը: Բացի այդ, տրամադրված նյութերը, Near East Foundation-ից եւ Երեւանի Հայոց ցեղասպանության թանգարանից ստացվող նյութերի հետ մեկտեղ, հիմք կդառնան AGMA-ի հովանավորությամբ Հետազոտությունների կենտրոնի հիմնադրման համար: