«Սանիթեք» ընկերության տնօրինությունը հայտարարել է, որ բազմիցս նամակներով դիմել է երկրի վարչապետին հանդիպելու և իրավիճակը ներկայացնելու խնդրանքով, սակայն բոլոր նամակները մնացել են անպատասխան: Այդ մասին ասվում է ընկերության տարածած հայտարարության մեջ, որով վերջինս արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և քաղաքապետ Հայկ Մարությանի ֆեյսբուքյան ուղիղ եթերում կայացած քննարկմանը:
«Ըստ երևույթին, քաղաքապետի արձագանքները բավարար էին:Ընկերությունը, հրավերի դեպքում, պատրաստակամ էր մասնակցելու օգոստոսի 13-ին տեղի ունեցած աշխատանքային քննարկմանը, որպեսզի վարչապետը և հասարակությունը հնարավորություն ունենային լսելու իրավիճակի երկու կողմերին։ Սակայն համախմբված զրպարտությունը շարունակվում է և նպատակը պարզ է:
Հայտնում ենք մեր համաքաղաքացիներին, որ չնայած «Սանիթեք»-ն իր վերջին ասուլիսին շատ անկեղծ էր՝ ընկերությունը առաջիկայում կրկին մեկ անգամ ևս հանդես կգա և կետ առ կետ կանդրադառնա երեկվա աշխատանքային հանդիպման ընթացքում հնչած ողջ ապատեղեկատվությանը, որպեսզի չխեղաթյուրվի հասարակական կարծիքը»,-ասվում է հայտարարության մեջ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 13-ին աշխատանքային հանդիպում է անցկացնում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ:Փաշինյանն ու Մարությանը քննարկել են մայրաքաղաքի աղբահանությանն առնչվող հարցեր: