29 օգոստոսի 2019 - 14:23 AMT
Կառավարությունը հավանություն է տվել «օրենքով գող» լինելը քրեականացնող օրինագիծը

Կառավարության օգոստոսի 29-ի նիստում հավանության է արժանաել, ըստ էության, «օրենքով գողերի» ինստիտուտի դեմ ազատազրկման ժամկետներ նախատեսող Քրեական օրենսգրքում լրացումների փաթեթը։

Նախագծի համաձայն, «քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահպանելը պատժվում է ազատազրկմամբ՝ յոթից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա»: Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ ղեկավարելը կպատժվի 5-10 տարվա ազատազրկմամբ, իսկ, օրինակ, դրանում անչափահասներ ներգրավելը կամ բանակում նույն խմբավորումը ստեղծելը՝ 8-10 տարի ազատազրկմամբ, խմբավորմանն ընդամենը մասնակցությունը, կախված հանգամանքներից, մինչև 10 տարի ազատազրկում է նախատեսում։

Կքրեականացվի նաև քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ բարձրագույն կարգավիճակ ունեցողին տարատեսակ խնդիրներ լուծելու համար դիմելը։ Այդ արարքի համար նախատեսվում է 200-600 հազար դրամ տուգանք, մինչև 2 ամիս կալանավորում կամ մինչև 3 տարի ազատազրկում։

Նախագծի հիմնավորման մեջ հղում է արվում Վրաստանի ու Ռուսաստանի նմանատիպ փորձին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նիստի ընթացքում հատուկ նշել է, որ խոսքը «օրենքով գողերի», «սխոդկաների», «օբշյակների» և նմանատիպ այլերևույթների մասին է։

«Այդ մշակույթի մարդիկ բանտը համարում են իրենց տունը։ Հետևաբար, նրանց պետք է ուղարկել իրենց տանը ապրելու», - ասել է նա։ «Ես ինքս տեսել եմ ՔԿՀ-ում այդպիսի դեպքեր, երբ մարդիկ ազգուտակով վերջին շապիկն են ծախել, որ ապահովեն գիշատիչ հարազատներից իրենց հարազատների պաշտպանությունը», - շեշտել է վարչապետը։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հաստատել է Փաշինյանի խոսքերն ու նշել է, որ ոչ միայն գողերը, այլ նաև հեղինակություններն են «քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ» ունեցող անձանց ձևակերպման տակ։

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշել է, որ այս որոշումը բացառիկ նշանակություն ունի, ու իրավապահները պիտի արեն պատրաստվեն դրա ռեալիզացիային։ «Որ պահին սա դարձավ օրենք, մեծածավալ աշխատանք պիտի իրականացվի», - ասել է նա, նշելով, որ պլանավորումը պիտի արվի արդեն հիմա՝ մինչև ԱԺ-ում ընդունվելը։

Նախագծի համաձայն, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում է համարվում քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորումը, որը գործում է իր կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոնների համաձայն, որոնք չեն համապատասխանում պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոններին կամ դրանց իրացման իրավաչափ ձևերին, և որի նպատակը հանցագործություն կատարելն է կամ հանցագործության կատարումը հովանավորելը կամ այլ անձանց հանցավոր արարքի կատարմանը ներգրավելը կամ բռնության, սպառնալիքի, հարկադրանքի կամ անօրինական այլ գործողությունների միջոցով հանրային կամ մասնավոր հարցերին առնչվող վեճերը (խնդիրները) լուծելը կամ անօրինական օգուտ կամ այլ առավելություն ստանալը:

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող է համարվում այն անձը, ով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոնների համաձայն` համարվում է հեղինակություն և քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացման համար տալիս է հրահանգներ, ինչպես նաև կազմակերպում է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներ կամ մասնակցում է դրանց կամ կազմակերպում է ապօրինի դրամահավաքներ (այդ թվում նաև մոլախաղերի միջոցով) կամ տնօրինում է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման միջոցով ստացված անօրինական օգուտը կամ կատարում է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացմանն ուղղված այլ գործողություններ։

Լուսանկարում՝ կադր Eastern Promises ֆիլմից