29 օգոստոսի 2019 - 15:52 AMT
Գյումրիում ազատ տնտեսական գոտի կարող է ստեղծվել

«Եվրասիական լոգիստիկ պարկ ԱՏԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնավոր նախաձեռնությամբ ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում ազատ տնտեսական գոտի կստեղծվի։

ՀՀ կառավարության որոշման մեջ նշվել է, որ հաշվի է առնվել մարզում ազատ տնտեսակական գոտի ստեղծելու համար լոգիստիկ ենթակառուցվածքի առկայությունը, մասնավորապես` միջազգային գործող օդանավակայանի, «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի, գործող երկաթուղային ցանցի և դրան հարակից հողատարածքների առկայությունը։

ԱՏԳ-ն տեղակայված է լինելու Մարմաշենի խճուղի թիվ 17, Մարմաշենի խճուղի թիվ 19, Մարմաշենի խճուղի թիվ 21, Մարմաշենի խճուղի թիվ 60 և Մարմաշենի խճուղի թիվ 66 հասցեներում գտնվող տարածքում։ Գործունեության ժամկետը 40 տարի է։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ գոտու հիմնական ոլորտը տեսակավորումն է լինելու։

«Այն կազմակերպությունները, որոնք հեռացված են մեր հիմնական շուկաներից, կարող են այստեղ տեսակավորել պահեստները ու 2-3 օրիվա փոխարեն մի քանի ժամում առաքել։ Երկրորդը՝ փաթեթավորման աշխատանքներ։ Երրորդը կրկին սարքերի հավաքումն է, որոնց դետալների տեղափոխումն ավելի էժան է։ Չորրորդը՝ ոչ սննդային գյուղատնտեսություն․ երբ լոգիստիկ կենտրոն լինի, այսպիսի սուբյեկտներ կլինեն, որոնք պարֆյումի ու դեղագործության համար բաներ կարտադրեն», - ասել է նախարարը։

Նա նշել է, որ շահագործողների հետ բանակցությունը միայն թույլտվությունից հետո կլինի, նախագիծն իրականացնելու համար ջանքեր ու ժամանակ է պետք։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճշտեց՝ այսինքն, խոսքը գնում է այն մասին, որ ընկերությանը բանակցելու հնարավորություն են տալու, բայց չստացվելու դեպքում ոչ մի խնդիր չի լինելու, ի պատասխան՝ Խաչատրյանը դրական պատասխան տվեց։