16 հոկտեմբերի 2008 - 14:48 AMT
Քոնդոլիզա Ռայս. Պետք չէ ուշադրություն դարձնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի փոփոխության վրա
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հոկտեմբերի 14-ին Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսին հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում կողմերը կարծիք հայտնեցին առ այն, որ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման գործընթացն անհրաժեշտ է շարունակել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում տարվող բանակցությունների ձեւաչափով, եւ, ըստ տիկին Ռայսի, գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներից դուրս տեղափոխելու փորձերն ուշադրության կարիք չունեն:

Իր հերթին Տիգրան Սարգսյանն ընդգծեց, որ Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցային գործընթացը եւ վտանգավոր որակեց այնպիսի հայտարարությունները, որոնք, միակողմանիորեն նշելով միայն տարածքային ամբողջականության սկզբունքը, անտեսում են միջազգային իրավունքի հավասարազոր եւ հանրաճանաչ այլ սկզբունքները: Տիկին Ռայսն անդրադարձավ նաեւ հայ-թուրքական հարաբերությունների թեմային` հետաքրքրվելով Թուրքիայի նախագահի այցից հետո ստեղծված իրավիճակով: Վարչապետը նշեց, որ Հայաստանը դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար նախապայմաններ չի առաջադրում Թուրքիայի Հանրապետությանը եւ հուսով է, որ Թուրքիան կհետեւի այս օրինակին: Պետքարտուղարը վարչապետին փոխանցեց իր պատրաստակամությունը` հնարավորինս սատարելու երկկողմ համագործակցության տարբեր ոլորտներում ԱՄՆ-ի կողմից Հայաստանի Հանրապետությանը ցուցաբերվող տեխնիկական օժանդակության միջոցառումների իրականացմանը: