20 հոկտեմբերի 2008 - 16:35 AMT
Ռոբերտ Սիմոնս. Լավ նախադրյալներ կան Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունների հետագա զարգացման համար
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսին, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Հանրապետության նախագահն ասել է, որ եվրոպական ուղղությունը շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքական գերակայություններից մեկը, եւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը դրա կարեւորագույն տարրերից է:
Ըստ Սերժ Սարգսյանի, Եվրաատլանտյան դաշինքի հետ փոխգործակցությունը շարունակվելու է` Հայաստանն այն դիտում է մեր երկրի անվտանգության բաղկացուցիչ մաս: Ռոբերտ Սիմոնսը նախագահ Սարգսյանին հաղորդել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յաապ դե Հուպ Սխեֆֆերի ողջույնները: Դաշինքի բարձրաստիճան պաշտոնյան ՆԱՏՕ-Հայաստան համագործակցության ընթացքը գնահատել է շատ բարեհաջող եւ նշել, որ լավ նախապայմաններ կան հարաբերությունների զարգացման համար:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ապահովման հետ կապված խնդիրների շուրջ: Հանրապետության նախագահն ընդհանուր գծերով ներկայացրել է հայկական կողմի տեսակետը Հարավային Կովկասում տեղի ունեցած իրադարձությունների, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի, հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներին վերաբերյալ: Ռոբերտ Սիմոնսն ասել է, որ ՆԱՏՕ-ն ողջունում եւ պաշտպանում է Հայաստանի նախաձեռնությունն ու վճռականությունը Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ: