24 սեպտեմբերի 2019 - 13:26 AMT
Ադրբեջանցի զինծառայողի դին վերադարձվել է Ադրբեջանին

Ադրբեջանի ԶՈւ դիվերսիոն գործողությունների պատճառով զոհված ադրբեջանցու դին սեպտեմբերի 23-ին դուրս է բերվել չեզոք գոտուց և վերադարձվել Ադրբեջանին։ Այդ մասին PanARMENIAN.Net-ին է հայտնել ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

«Երեկ մեր կազմակերպությունը կողմերի համաձայնությամբ մասնակցել է մարմնի դուրս բերման գործողությանը»,-ասել է Զառա Ամատունին։

Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16։15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ։ՊԲ դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը, չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ է շպրտվել իր ելման դիրքերը։ ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել։

Ադրբեջանական կողմը դիմել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեին` ադրբեջանցի զինծառայողի դիակը չեզոք գոտուց վերադարձնելու նպատակով։