2019 թվականի սեպտեմբերի 30-ին Կինոյի տանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մարվել և շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Գևորգ Էմինի ծննդյան 100-ամյակը» թեմային:
120 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը տպագրված է Ֆրանսիայի Cartor տպագրատանը՝ 30 000 տպաքանակով: Նամականիշերի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր դիզայներ Վահագն Մկրտչյանը:
Նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն գրող, բանաստեղծ և թարգմանիչ Գևորգ Էմինի (1919-1998 թթ.) դիմանկարը` կատարված համակարգչային գրաֆիկայի եղանակով: Փոստային նամականիշի խորապատկերին ներկայացված է մի հատված Գևորգ Էմինի ձեռագրերից:
Նամականիշի մարումն իրականացրել են Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Արմեն Աբրոյանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի գործադիր խորհրդի անդամ գլխավոր իրավական խորհրդական Արայիկ Աբրահամյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը, Գևորգ Էմինի որդի՝ Արտաշես Էմինը, հայտնում է «Հայփոստի» մամուլի ծառայությունը: