Պողոս Պողոսյանի սպանության գործով նոր երևան եկած հանգամանքի հիմքով վարույթ է հարուցվել։ Այս մասին «Հայկական ժամանակի» հարցին ի պատասխան ասել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Նա նշել է, որ 2019 թվականի սեպտեմբերի 12-ին ՀՀ գլխավոր դատախազությունից քրեադատավարական կարգով քննարկելու նպատակով Երևան քաղաքի դատախազություն է ուղարկվել Սթիվեն Ջոն Նյուտոնի ներկայացուցիչների դիմումը, դրան կից ներկայացված ու թարգմանված փաստաթղթերը, ինչպես նաև Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննված՝ 2001թ. սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը «Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանի սպանության վերաբերյալ քրեական գործը:
Երևան քաղաքի դատախազությունում փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 25.09.2001թ. ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 100-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործով ՀՀ ԱԱ նախարարության աշխատակից Աղամալ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածով:
Մեղադրանքն առաջադրվել է այն բանի համար, որ 25.09.2001թ.՝ ժամը 00:30-ի սահմաններում, Երևանի «Առագաստ» սրճարանի զուգարանում վերջինիս և ոգելից խմիչք օգտագործած վիճակում գտնվող Պ.Պողոսյանի միջև տեղի է ունեցել փոխադարձ քաշքշուկ, հասցվել են փոխադարձ հարվածներ, որոնց ընթացքում Պ. պողոսյանը մեջքի ուղղությամբ վայր է ընկել, գլխի հետևի մասով հարվածվել զուգարանի սալիկապատ հատակին, որի հետևանքով ստացած գանգուղեղային ծանր մարմնական վնասվածքից մահացել է:
Այսինքն՝ ըստ մեղադրանքի՝ Աղամալ Հարությունյանը դրսևորել է հանցավոր անփութություն, որով կատարել է անզգույշ սպանություն: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2002թ. փետրվարի 21-ի դատավճռով ամբաստանյալ Աղամալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել նշված հոդվածով և դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման, միաժամանակ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան՝ 1 տարի ժամանակով:
Դատավճռի դեմ տուժողի իրավահաջորդի կողմից դատական ակտի դեմ տարվել է վերաքննիչ բողոք, որը, սակայն թողնվել է առանց քննության: Երևան քաղաքի դատախազությունում ուսումնասիրվել է նշված դեպքի վերաբերյալ Սթիվեն Ջոն Նյուտոնի ներկայացուցիչների կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումը և դրան կից՝ վերոնշյալ դեպքի առնչությամբ Ս. Ջ. Նյուտոնի հայտարարությունը:
Պարզվել է, որ հայտարարությունն էական նշանակություն ունեցող տեղեկություններ է պարունակում դեպքի մասին, քան այն, ինչը հաստատված է համարվել քրեական գործի քննությամբ: Մասնավորապես տեղեկություններն առերևույթ վկայում են այն մաիսն, որ Պ. Պողոսյանը կյանքից զրկվել է ոչ թե անզգուշությամբ, այլ Աղամալ Հարությունյանի և գործով չպարզված այլ անձանց կողմից՝ դիտավորությամբ և խուլիգանական դրդումներով: Այսինքն առերևույթ ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնք գործով մինչ այդ պարզված հանգամանքների հետ համակցությամբ կարող են ապացուցել, որ Աղամալ Հարությունյանն առերևույթ կատարել է ավելի ծանր հանցանք՝ սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում, քան այն, որի համար վերջինս դատապարտվել է: Բացի այդ, դրանք առերևույթ վկայում են հանցանքի կատարմանը նաև այլ անձանց մասնակցության վերաբերյալ: Նշված հանգամանքների մասին հայտնի չի եղել քրեական գործի քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից Պ. Պողոսյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով նոր երևան եկած հանգամանքների հետևանքով ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով նախատեսված առերևույթ հանցագործության հատկանիշներով Երևան քաղաքի դատախազությունում հարուցվել է վարույթ և քննություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին: Վարույթ հարուցելու որոշում կայացնելիս հաշվի է առնվել նաև այն հանգամանքը, որ Ա. Հարությունյանի և գործով չպարզված անձանց կողմից առերևույթ կատարված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով նախատեսված հանցագործության համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած չեն, քանի որ նշված արարքի համար նախատեսված է պատիժ՝ ցմահ ազատազրկում: Իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն՝ վաղեմության ժամկետի կիրառման հարցն այն անձի նկատմամբ, ով ցմահ ազատազրկմամբ պատժվող հանցանք է կատարել, լուծում է դատարանը: