27 հոկտեմբերի 2008 - 17:27 AMT
Իրանը ցանկանում է միջնորդ դառնալ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ
Իրանի արտգործնախարարի կրթության եւ գիտական հետազոտությունների հարցերով տեղակալ Մանուչեհր Մոհամադին բողոք է հայտնել դեպի Արեւելք ՆԱՏՕ-ի ընդլայնման դեմ: Մոհամադին հայտարարել է, որ տարածաշրջանային իշխանությունները պետք է հեռու մնան մրցակցային եւ թշնամական քաղաքականությունից, որը մնացել է «սառը պատերազմից»: «ՆԱՏՕ-ի ներկայությունը մի տարածաշրջանում, որն իրեն անծանոթ է, օգուտ չի բերի նրան, քնաի որ ՆԱՏՕ-ն արդեն իսկ ունի անհաջող ներկայության փորձ Իրաքում եւ Աֆղանստանում»,-նշել է նա:
ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը ուրբաթ օրը փաստաթուղթ է ստորագրել, որով ԱՄՆ-ն պաշտոնապես սատարում է Ալբանիայի եւ Խորվաթիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին: Բուշը նաեւ հաստատել է, որ ԱՄՆ-ն սատարում է նաեւ ՆԱՏՕ-ի պոտենցիալ անդամներ Ուկրաինային, Վրաստանին, Չերնոգորիային եւ Բոսնիա-Հերցոգովինային:
Մոհամադին նշել է նաեւ, որ վերջին հակամարտությունը Ռուսաստանի ու Վրաստանի միջեւ ամենակարեւոր իրադարձություններից մեկն է սեպտեմբերի 11-ի Միացյալ Նահանգների վրա հարձակումից հետո, որ մեծ ազդեցություն կունենան միջազգային հարաբերությունների վրա: Նրա խոսքերով, Կենտրոնական Ասիայի ու Կովկասի երկրների 16-րդ կոնֆերանսում, որն այս շաբաթ կկայանա Թեհրանում, հատուկ ուշադրություն կհատկացվի Կովկասի հակամարտություններին ու դրանց հետեւանքներին աշխարհի համար:
Մոհամադին ասել է, որ կոնֆերանսին ներկա կլինեն փորձագետներ տարբեր երկրներից, ներառյալ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Հայաստանը, Ուկրաինան, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Շվեդիան, Վրաստանը, Ճապոնիան, Թուրքիան, Տաջիկստանը, Ուզբեկստանն ու Լեհաստանը: Իրանը Կովկասի հակամարտությունը դեռեւս ավարտված չի համարում եւ Վրաստանի ու Ռուսաստանի միջեւ միջնորդ դառնալու Թեհրանի պատրաստակամությունն է հայտնել այդ հարցի լուծման համար, ընդգծել է նա, հաղորդում է ukrbiznes.com-ը: