Աֆրիկայի Սուդանում հայկական անունով աղջիկ է ծնվել: Աֆրիկացի ծնողներն աղջկան անվանել են Արմինե՝ ի պատիվ ծնունդն ընդունած հայ բժիշկ Արմեն Մկրտչյանի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում պատմել է հենց բժիշկը:
«Գիշերը կանչում են ինձ, թե զույգ պտուղ է, առաջինի ծննդից հետո երկրորդի պորտալարի արանքում է, սրտի զարկերը չկան, հասնում եմ ու որոշակի միջոցառումներից հետո ծննդալուծում. Վերակենդանացման բարդ գործն ավարտվում է հաջողությամբ»,- գրել է Արմեն Մկրտչյանը:
Արմեն Մկրտչյանն աշխատել է Գյումրու «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում»: Հուլիսին տեղափոխվել է Սուդան՝ փոխարինելու բժիշկ, «Ավրորա» մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինային, ով օգնում էր պատերազմից կեղեքվող Նուբա լեռներում ապրող մարդկանց:
Թոմ Քաթինային փոխարինելու անհրաժեշտություն է առաջացել, քանի որ վերջինս որպես «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ սեպտեմբերին պետք է ժամանակավորապես լքեր Սուդանի Նուբա լեռները: