4 հոկտեմբերի 2019 - 17:56 AMT
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի ու բժշկի մասնակցությամբ ծեծկռտուք է եղել

Երևանի Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում ծեծկռտուք է տեղի ունեցել։ Ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Մանուկյանը ծեծի է ենթարկել բժիշկներից մեկին։

«Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տնօրենի պաշտոնակատարն իր աշխատասենյակում վիճաբանել է նույն բուժհաստատության բժիշկներից մեկի հետ, որի ընթացքում ձեռքերով հարվածներ է հասցրել և մարմնական վնասվածք է պատճառել վերջինին։ Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, նյութեր են նախապատրաստվում»,- հայտնել են ոստիկանությունից, գրել է panorama.am-ը։

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ տեղյակ է միջադեպից և հանձնարարել է համապատասխան աշխատակիցներին համագործակցել իրավապահ մարմինների հետ դեպքի բոլոր մանրամասները պարզելու նպատակով:

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ֆեյսբուքյան էջում ևս անդրադարձ է կատարվել միջադեպին: Գրառման մեջ մանսնավորապես նշվում է, որ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Մանուկյանը մի քանի օր առաջ աշխատակիցներից մեկին` իրավական հիմքով, ազատել է աշխատանքից։

«Վերջինիս որդին, որը ևս կենտրոնի աշխատակիցներից է` որոշել է հաշիվ պահանջել նման որոշման համար: Վերջինս ներխուժել է տնօրենի աշխատասենյակ` վիրավորանքներ ու հայհոյանքներ ուղղել Նարեկ Մանուկյանի հասցեին, որից հետո փորձել է հարվածել նրան: Աշխատակիցը չի լսել նաև տնօրենի հորդորը` հարցը իրավական ճանապարհով պարզելու վերաբերյալ: Վիճաբանության կապակցությամբ հրավիրվել է ոստիկանություն»,- ասվում է կենտրոնի հաղորդագրության մեջ:

Սեպտեմբերի սկզբին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանն ազատվել է աշխատանքից, իսկ կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ուռուցքաբան Նարեկ Մանուկյանը։