28 հոկտեմբերի 2008 - 14:56 AMT
Էրդոգանը Օբամային եւ ՄըկՔեյնին խորհուրդ կտա ականջ դնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշմանը
Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թայիպ Էրդոգանի կարգադրությամբ Թուրքիայի արտաքին քաղաքականության գծով վարչապետի գլխավոր խորհրդական Ահմեթ Դավութօղլուն եւ Թուրքիայի խորհրդարանի արտաքին գործերի գծով հանձնաժողովի նախագահի տեղակալ Սուատ Քինիքլիողլուն մեկնել են ԱՄՆ, որտեղ նախատեսված են իրենց հանդիպումները ԱՄՆ նախագահի թեկնածուներ Բարակ Օբամայի եւ Ջոն ՄըկՔեյնի խորհրդականների հետ, հաղորդում է թուրքական Hurriyet թերթը:
Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները երկու թեկնածուների խորհրդականներին կներկայացնեն Անկարայի դիրքորոշումը մի շարք հարցերի, մասնավորապես, Հայոց ցեղասպանության ճանաչման, PKK-ի դեմ պայքարի, Կիպրոսի հիմնախնդրի եւ այլ տարածաշրջանային հարցերի վերաբերյալ: Սպասվում է նաեւ, որ թուրքական կողմի ներկայացուցիչները կհաստատեն ահաբեկչական կազմակերպությունների եւ PKK-ի դեմ պայքարի համար համագործակցությունը շարունակելու Թուրքիայի մտադրությունը: Ահմեթ Դավութօղլուն եւ Սուատ Քինիքլիողլուն նաեւ մտադրված են ձեռք բերել ԱՄՆ աջակցությունը Կովկասի կայունության եւ անվտանգության պլատֆորմի ստեղծման գործում: Թուրքիայի պատվիրակները ԱՄՆ նախագահի թեկնածուներ Օբամային եւ ՄըկՔեյնին նաեւ խորհուրդ կտան հատուկ ուշադրություն դարձնել Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ Թուրքիայի կարծիքին եւ դիրքորոշմանը: